Այսօր Երևանում տեղի կունենան ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆԽ, ՊՆԽ, ԱԽՔԿ և ՀԱԽ նիստերը. ՈՒՂԻՂ

Նոյեմբերի 23-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստ։ Այսօր նաև Երևանում տեղի կունենան ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։

ՀԱԽ նստաշրջանին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱԽ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները միջխորհրդարանական շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը։

ՀԱԽ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում 2022-2023 թթ. նախագահության անցումը Բելառուսին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։

ՀԱԽ առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ին ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ձևավորմանը, ինչպես նաև «Наëмник» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալը։ Կքննարկվի ՀԱՊԿ 2023 թվականի բյուջեն։

Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։

Մինչ ՀԱԽ-ի մեկնարկը տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ), պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) համատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը, ՀԱԽ առաջիկա նստաշրջանի օրակարգը։ ԱԳՆԽ, ՊՆԽ, ԱԽՔԿ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման վերաբերյալ, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարությունները՝ նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերի հերոսականացման փորձերի դատապարտմամբ։

Նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ ԱԽՔԿ որոշում՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների լիազորված մարմինների կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող խորհրդի կազմի մասին»։

Հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի միջոցով կայացած արտահերթ նիստի արդյունքներով ՀԱՊԿ ՀԱԽ-ը որոշել է նոյեմբերի վերջին վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի քննարկմանը, որտեղ սեպտեմբերի 13-14-ը լայնածավալ էսկալացիա է տեղի ունեցել, ինչը ինչը հանգեցրել է ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը Հայաստանի տարածքի խորքը։

Նիկոլ Փաշինյանը նախապես ուրվագծել էր ՀԱՊԿ-ում դաշնակիցներից հայկական կողմի երկու ակնկալիք՝ կազմակերպության հստակ քաղաքական գնահատական հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան էսկալացիայի վերաբերյալ, և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման «ճանապարհային քարտեզի» ընդունում՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից հետո, ինչը հանգեցրել է հարևան երկրի տարածքի մի մասի օկուպացմանը։

News.am-ի ուղիղ եթերը