Արարատ Միրզոյանը բացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Երևանում անցկացվող նիստի ընթացքում կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական համակարգման և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկում:

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ Երևանում մեծ կարևորություն են տալիս այս հանդիպմանը։

«Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո»,– նշել է նա։

Ըստ Միրզոյանի` օրակարգում մոտ երկու տասնյակ փաստաթուղթ կա, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Հանդիպմանը մասնակցում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր է ժամանել Երևան։

Չորեքշաբթի Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ առաջնորդների մակարդակով։ Սպասվում է, որ նիստին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Բացի այդ, վաղը նախատեսված է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։ ՌԴ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ մասնակիցները պատրաստվում են հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ամփոփիչ հռչակագրին, որը կներկայացվի առաջնորդների հաստատմանը:

ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2022 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնել էր Հայաստանը, հաջորդ տարի այն կնախագահի Բելառուսը։