Արցախում առաջարկում են պետական դավաճանության և լրտեսության համար սահմանել խստագույն պատիժ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 22-ին հրավիրել է հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, օրակարգում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Ըստ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի՝ պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար, մասնավորապես՝ ռազմական դրության պայմաններում, անհրաժեշտություն է առաջացրել վերանայել ներկայիս կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատիժն ավելի խստացնել: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում, պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:

Նախագծի վերաբերյալ Արցախի Հանրապետության աշխատակազմի փորձագիտական ծառայության կողմից առաջարկություններ չեն եղել:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը: