Անկարան Արևմուտքին մեղադրում է Թուրքիան ապակայունացնելու փորձերի մեջ

Արևմտյան երկրները աջակցելով ահաբեկիչներին՝ փորձում են ապակայունացնել իրավիճակը Թուրքիայում։ Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Թուրքիայի առաջնորդի վարչակազմի կապի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Գրում է Իզվեստիան:

«Մեր արևմտյան դաշնակիցները պետք է լավ մտածեն իրենց աջակցության մասին (քրդական կազմակերպություններին): Նրանք ուղղակի կամ անուղղակի փորձում են ապակայունացնել իրավիճակը մեր երկրում։ Իսկ նրանց աջակցությունը հանգեցնում է անմեղ թուրքերի մահվան»,- գրել է նա «Թվիթերի» իր էջում։

Ստամբուլում նոյեմբերի 13-ին պայթյուն է որոտացել զբոսաշրջիկների կողմից սիրված հետիոտնային Իսթիքլալ փողոցում։ Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Զոհերի թվում են երեք ռուսներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Պարզվել է, որ նա Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրն է։ Զուգահեռաբար բերման է ենթարկվել ևս 50 կասկածյալ։

Թուրքիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ միջադեպի հետևում կարող են կանգնած լինել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները: Անկարան երկու կազմակերպություններն էլ ահաբեկչական է համարում։