Խմելու ջուրը մինչև 2024 թ․ քաղաքացիների համար չի թանկանա

Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Այս մասին տեղեկացրել է ՏԿԵ նախարարութունը։

«Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։

Այսինքն մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,- նշված է ՏԿԵՆ հաղորդագրությունում։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտը և իր հաշվարկներն է ներկայացրել։ Հանձնաժողովի որոշման նախագիծը արդեն ներառված է Հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում:

Ըստ այդմ, Հանձնաժողովն առաջարկում է 2023 թվականի հունվարի 1-ից մեկ խմ ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։

«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկել էր բոլոր խմբերի համար սակագինը սահմանել 209 դրամ, սակայն ՀԾԿՀ-ը մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Մյուս սպառողների համար սակագինը կսահմանվի 208.42 դրամ։