Եթե Ալիևը պայքարում է Արցախում ռուս խաղաղապահների դեմ, ուրեմն նրանց դիտարկում է որպես գործոն (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի նախկին ԱԳ նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանն է։

 Արման Մելիքյանը, մասնավորաբար, ասել է․

  • Փաշինյանի կողմից հնչող հայտարարությանը, թե Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, դա բառախաղ է, ինչը չունի իրական հիմք։ Իրականում Հայաստանը երբեք Արցախը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Բայց ՀՀ-ը չի ճանաչել նաև Արցախը որպես անկախ պետություն կամ որպես ՀՀ մաս։ Այսինքն ՀՀ համար այս խնդիրը առկախված է եղել։
  • Մինչև 1993-ի տարեմուտ՝ բոլորի համար հայտնի էր, որ հակամարտության կողմերն են Արցախն ու Ադրբեջանը։ Դա այդպես էր ընդունվում նաև ՄԱԿ-ի կողմից, քանի որ 1993 թ․ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերում Հայաստանը չի նշվում որպես հակամարտության կողմ, նշվում էին Ադրբեջանն ու Արցախի տեղական հայկական ուժերը։ Նաև նշվում է այն մասին, որ Հայաաստանն այդ ուժերի նկատմամբ ունի որոշակի ազդեցություն և կոչ է արվում ՀՀ-ին այդ ազդեցությունը կիրառել, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն։ Թեև այդ ընթացքում բոլոր հրադադարները խախտող կողմը եղել է Ադրբեջանը։
  • 1993-ից հակամարտությունը եռակողմ էր՝ արտաքին ճնշման տակ Հայաստանը ճանաչեց իրեն հակամարտող կողմ և իրավիճակը փոխվեց՝ հակամարտությունը միջազգայնացվեց։
  • Արցախյան հարցը կարող էր լուծված լինել 1993-ին։
  • Չեմ բացառում, որ Ադրբեջանի կողմից ճնշում կա Փաշինյանի վրա։ Ալիևը ցանկանում է ամրագրել պատերազմի արդյունքները իրավաքաղաքական փաստաթղթում, խոսքս խաղաղության պայմանագրի մասին է։ Եվ Ալիևն իր հնարավորությունները կօգտագործի՝ որպեսզի Հայաստանը գնա զիջումների։
  • Երբ Փաշինյանը մեղքը բարդում է նախկինների վրա, դրանով, ըստ էության, իր գործողությունների պատասխանատվությունն էլ է բարդում նախկինների վրա, գործողություններ, որ դեռևս տեղի չեն ունեցել, բայց սպասում են։
  • Մենք շատ միամիտ ենք, երբ կարծում ենք, թե այս կամ այն փաստաթղթով կարող են հարցեր լուծվել։ Լուծումները տեղի են ունենում մինչև փաստաթղթերի ձևակերպումը։ Կարելի է տարբեր տարիների ինչ-որ փաստաթղթեր թափ տալ բոլորի աչքի առաջ, բայց և ստանալ բոլորովին այլ արդյունքներ։
  • Ես ենթադրում եմ, որ ՀՀ իշխանություններին տարբեր տարիներին խոստացվել էր, որ ստատուս քվոն անփոփոխելի է մնալու, դրա համար ընդունելի էր այդ բանակցային գործընթացը։ Մեզ ասում էին՝ մի անհանգստացեք։ Հետո եկավ մի փուլ, որ այդ ստոտուս քվոն այլևս հանդուրժելի չէր։
  • Չի բացառվում, որ Փաշինյանը իշխանության բերվեց, որպեսզի իրականացվի Արցախը տալու ծրագիրը․․․
  • Ի՞նչ ասել է շրջանակային պայմանագիր․ դրա հիման վրա կձևավորվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապագա հարաբերությունները։ Այդ սկզբունքերը կարող են լինել բավականին անորոշ․․․
  • Եթե Փաշինանը ասում է, թե Հայաստանը ունի Ադրբեջանից օկուպացված տարածքներ, ուրեմն, պետք է կոնկրետ թվարկի, թե ո՞ր տարածքների մասին է խոսքը և ցույց տա ասածի իրավական հիմքերը։
  • Ադրբեջանն ուժի դիրքերից է խոսում, սպառնալիք է մեզ ուղղում, և փորձելու է ստանալ իր ուզածը՝ ուժի դիրքերից։
  • Ադրբեջանն այսօր պատրաստ չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Նաև Հայաստանը պատրաստ չէ այն ստորագրել։
  • Այս բոլոր խոսակցությունները կարող են երկրորդ պլան մղվել, եթե իրավիճակը փոխվի Իրանում․․․
  • Խոսել է նաև անկլավները հանձնելու Փաշինյանի մտադրության, Արցախ-Ադրբեջան ուղիղ բանակցությունների, ռուս խաղաղապահների, վաշինգտոնյան տարբերակի, ՀԱՊԿ-ի գագաթաժողովի և այլ հարցերի շուրջ։

Հարցազրույցն ամբողջությամ դիտեք տեսանյութում։