Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է․ անհետ կորած զինծառայողի հայր

Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Ազատության հրապարակում՝ պահանջելով բոլոր գերիների ու անհետ կորածների վերադարձ:
«Այսօր Ալիևը ցինիկորեն հայտարարում է, որ «գերի չունեմ», որովհետև երեխաների գլխին դատական գործեր են սարքում, թե իբր նրանք գերիներ չեն, հանցագործներ են: Բայց բոլորն էլ գիտեն ադրբեջանական այդ տակտիկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հայր Վլադիմիր Հարությունյանը։
Նա նշեց, որ թեև իր որդն անհետ կորած է համարվում, բայց, իր ստացած տեղեկություններով, գերի է, որովհետև տեսնող է եղել, որ ադրբեջանցիները գերի են տարել: Վլադիմիր Հարությունյանը պատմեց, որ որդին որպես մոբ Հադրութում է եղել, վիրավոր ընկած է եղել, ընկերների մի մասը նույնիսկ կարծել են՝  սպանված է, բայց հետո տեսնող է եղել: Վերջին անգամ որդու հետ խոսել են հոկտեմբերի 15-ին:
«Զանգել, ասել է, որ իրենց տանում են մի տեղ, որտեղից ոչ մի կապ չի լինելու, չզանգեք: Ու վերջ, դրանից հետո էլ կապ չի եղել։  Հաջորդ օրը մտել են մարտի մեջ ու էդ օյինը բերել գլխներիս»,- ասաց Վ. Հարությունյանը։
Նա նշեց, որ իրենք բավարար չեն համարում գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու իշխանությունների քայլերը։
«Իշխանությունների անտարբեր վերաբերմունքն էլ մի կողմից է մեզ կեղեքում: Մեզ ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռ ոչ մի լուր չկա: Եվրոպական դատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, դեռ ոչ մի լուր չկա: Կարմիր Խաչը առայժմ անզոր է որեւէ բան անելու: Իշխանությունների հետ միջգերատեսչական հանձնախումբն են ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի: Տեսնենք, դա էլ դեկտեմբերի 16-ից է աշխատելու: Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ համապատասխանաբար, իրենցից ցածր կառույցների վրա»:

Հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավել մնան գերության մեջ, անհետ կորածի հայրն ասաց. «Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է: Ես ինքս եղել եմ գերի: 1990-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Քարին Տակ գյուղից ինձ վերցրել էին, մի 20 օր Շուշիում պահեցին: Յուրաքանչյուր օրը մեկ տարի է: Հիմա երեխաները կներեն, թե չեն ների… եթե նրանք գան էլ, նրանց համար այլևս հայրենիք արտահայտությունը չպետք է լինի: Նրանք մի հարց կտան՝ պարոն Նիկոլ Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»: