Կեղծ կատեգորիա է, թե Հայաստանը փոքր պետություն է և չի կարող օրակարգ ձևավորել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ, միջազգայնագետ Նարիեն Մեհրաբյանը։

Հաղորդման հյուրն անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ասաց, որ խաղաղությունը միակողմանի չի լինում, և թույլ կողմը խաղաղություն չի ստանում։ Դիվանագիտական, տեղեկատվական հարթակներում տարվող քաղաքականությունը պետք է այնպիսին լինի, որ կարողանաս փոխել բանակցային գործընթացի շղթան՝ ունենալով համապատասխան պաշար։ Խոսել խաղաղության մասին, երբ մենք թերանում ենք երեք գծերում՝ ռազմի դաշտում, տեղեկատվական, դիվանագիտական հարթակներում, նշանակում է պարտադրված լինել ընդունելու քեզ հրամցվող ամեն պայման։ Իսկ Ադրբեջանն այսօր չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները՝ Արցախի, Սյունիքի, ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Ըստ նրա՝ այս պահին Հայաստանի համար ամենաձեռնտու վիճակը ստատուս քվոն է, որպեսզի Հայաստանը կարողանա ժամանակ շահել և կողմնորոշվել աշխարհաքաղաքական զարգացումներում։

Նարինե Մեհրաբյանն ասաց, որ Պրահայի հանդիպումից հետո, երբ Հայաստանի իշխանություններն աշխուժորեն թմբկահարում էին խաղաղության պայմանագրի ստորագրման առաջիկա հնարավորության մասին, թե իբրև մինչև տարեվերջ այդ փաստաթուղթը պետք է իրականություն դառնա, Սոչիի հանդիպումը փաստեց, որ առանց Ռուսաստանի համաձայնության այս տարածաշրջանում որևէ բեկումնային զարգացում չի կարող լինել։ Դա գուցե մեզ համար անտեսանելի բանակցային գործընթացներ է նախատեսում, և ես ենթադրում եմ, որ մինչև այս տարեվերջ այդ թուղթը չեն ստորագրի։ «Մյուս կողմից էլ դա ոչ մի կերպ չի կարելի հարատև խաղաղության մեկնարկ համարել։ Դրանք կեղծ հույսեր են և մեր շահերից չի բխելու այդ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը»,- ասաց միջազգայնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում