Շաբաթվա ընթացքում սահմանային երեք միջադեպ է գրանցվել Մարտունու շրջանում. Արցախի ԱԻՊԾ

Նոյեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումները շարունակել են ուժեղացված ռեժիմով ծառայությունը, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Անցած շաբաթվա ընթացքում հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 93 հաղորդում, որից 66-ը հանցագործության մասին է, դրանցից 62-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Բացահայտվել է խարդախության, հափշտակության, խուլիգանության և բնակարանային գողության մեկական դեպքեր, անձնական ունեցվածքի գողության 2 դեպք, ինչպես նաև վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 12 դեպքից 10-ը: Անբացահայտ է մնացել համակարգչային հանցագործություն բնութագրմամբ 2 դեպք:

Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում բացահայտվել է ապօրինի ծառահատման 2 դեպք:

Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 2 հանցագործություն:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 11 դեպք:

Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 5 քաղաքացի: