Ալիևը պատրաստվել ու սպասում է պատերազմի. երբ կարող է այն լինել. 2

Սկիզբը` այստեղ 

Հիշո՞ւմ եք 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանն ընդունված հայտարարությունը …

Հանդիպման արդյունքներով ընդունված եռակողմ հայտարարությունում , մասնավորապես, նշված է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում… », «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից…», «Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը…»:

Ալիևը կամ Ադրբեջանն ընդամենը 3 օրից մեզ, Ռուսաստանին և, ընդհանրապես, ողջ աշխարհին հրապարակայնորեն ցույց տվեց, որ Ադրբեջանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե դրական, այլ ճիշտ հակառակը` բացասական մթնոլորտի ձևավորումն է կարևորում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը տարածեց հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին, ժամը 20:15-ի սահմաններում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը հերքեց  այն, հայտարարեց, որ «հերթական ապատեղեկատվությունն է»:

Հաջորդ օրը` նոյեմբերի 4-ին, Հայաստանի «ՊՆ» կոչվածը հանդես եկավ ևս մեկ հերքմամբ. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»:

Արդեն իսկ պարզ էր, որ Ադրբեջանը վերոնշյալ կեղծ տեղեկություններով հիմք է նախապատրաստում հրադադարի ռեժիմը վերստին խախտելու, կրակելու, Հայաստանի զինված ուժերի նկատմամբ ագրեսիվ, հարձակողական գործողությունների, ուժի կիրառումից զերծ մնալու վերոնշյալ պայմանավորվածությսան խախտման (հետագայում նաև` Հայաստանի դեմ պատերազմի) համար: Հենց այդպես էլ եղավ. նույն օրը «ՊՆ» կոչվածի հրապարակած հաղորդագրության  համաձայն, «Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»:

Սոչիի պայմանավորվածություններից հետո անցած 19 օրում Ադրբեջանի զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանագոտում, ըստ Հայաստանի «ՊՆ» կոչվածի հաղորդագրությունների, ընդհանուր առմամբ, ութ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը` նոյեմբերի 4-ին, 6-ի լույս 7-ի գիշերը, 8-ի լույս 9-ի գիշերը, 10-ին, 10-ի լույս 11-ի գիշերը, 12-ին, 14-ին և 17-ին: Ադրբեջանի ՊՆ արդեն չորս անգամ (նոյեմբերի 3-ին, 4-ին, 13-ին և 18-ին) հանդես է եկել Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններով:

Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով երկու վիրավոր ունենք. նոյեմբերի 10-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել  N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն (տուժածի վիճակը սկզբում գնահատվում էր ծայրահեղ ծանր), իսկ նոյեմբերի 17-ին հրազենային վիրավորում է ստացել  N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:

Վստահաբար կարող ենք ասել, որ Սոչիում 31.10.2022թ. եռակողմ հայտարարությունն ընդունելիս, Ալիևն արդեն ի սկզբանե գիտեր, որ Ադրբեջանը շատ կարճ ժամանակից խախտելու է այն, ինչպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այսինքն` հայտարարության տակ ստորագրել է սոսկ ձևականորեն, հավանաբար չունենալով Պուտինին մերժելու ու չստորագրելու տարբերակ: Կասկած չունենք, որ Նիկոլն էլ հայտարարությանը միանալու պահին այս ամենը գիտեր: Այլ խնդիր է, որ հայտարարությունն ընդունելիս, յուրաքանչյուրն իր հաշվարկները, իր նպատակներն ուներ…

Ալևի նպատակները. չմերժել Պուտինին, չգժտվել նրա հետ (այս պահին Ալիևին և Ադրբեջանին դա դեռ պետք չէ, հակառակը` խանգարող գործոն է, դրա ժամանակը դեռ կգա…), ձևականորեն ընդունել հայտարարությունը` շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է անպատիժ խախտել այն ու մեղքը գցել Հայաստանի վրա, դե գնացեք ապացուցեք, որ Ադրբեջանն է խախտել…

Նիկոլի նպատակները. ցույց տալ, որ ինքը նույնպես կողմ է հայտարարության դրույթներին, նախապես շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը խախտելու է դրանք, ինչը հետագայում Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի դեպքում կարող է իրեն Պուտինի և Ռուսաստանի վրա «տակառ գլորելու», մեղադրելու հնարավորություն տալ, որ չեն ապահովում Հայաստանի անվտանգությունը, և Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու հարց բարձրացնել (Բոլթոնի և ԱՄՆ-ի երազանքը):

 

Արթուր Հովհաննիսյան