Գործունեությունը Ստեփանակերտում շարունակող Շուշիի հումանիտար քոլեջը շարունակում է զարգանալ և որակյալ մասնագետներ թողարկել

Արցախյան երրորդ պատերազմից հետո Ստեփանակերտում գործունեությունը շարունակող Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների թիվն աճել է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Շուշիի հումանիտար Ա. Խաչատրյանի անվան քոլեջի տնօրեն Արա Հայրապետյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտում կրթօջախի դասերը կազմակերպվում է տարբեր հաստատություններում:
«Ներկայումս քոլեջի վարչական մասը և երկու արվեստանոցները գտնվում են Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում։ Դասապրոցեսը կազմակերպվում է Սայաթ-Նովայի անվան քոլեջում, Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի, Կոմիտասի անվան երաժշտական և մայրաքաղաքի հ. 11 դպրոցներում, ինչպես նաև «Մետաքսկոմբինատ» ընկերության շենքում»,-հավելել է տնօրենը՝ հույս հայտնելով, որ քոլեջը շուտով իր առանձին շենքը կունենա:
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ չնայած տարբեր հաստատություններում դասերը կազմակերպելու հետ կապված խոչընդոտներին, ուսումնական հաստատությունը շարունակում է զարգանալ և որակյալ մասնագետներ թողարկել։
Բացի այդ, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ: Այդ շրջանակներում ընթացիկ տարվա դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտի պատկերասրահում նախատեսվում է կազմակերպել հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդես:
Հումանիտար քոլեջի փոխտնօրեն Մարինե Ազիզյանն էլ մեզ հետ զրույցում նշել է գործում են «Դիզայն» (Միջավայրի դիզայն), «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Զարդարակիրառական արվեստ» և
«Ժողովրդական արհեստներ» (նկարիչ վարպետ, գորգագործ/կարպետագործ վարպետ) և «Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» բաժիններ, որտեղ սովորում են ինչպես Ստեփանակերտից, Շուշիից, Հադրութից ուսանողներ, այնպես էլ Արցախի այլ բնակավայրերից: «Քոլեջի 4 բաժիններում 5 մասնագիտությամբ անցած տարվա 35-40 ուսանողի փոխարեն այս տարի ընդունվել է 45-ը: Այդուհանդերձ, վարձով բնակարան չգտնելու խնդրի պատճառով, որոշ ուսանողներ չեն կարողանում շարունակել կրթությունը քոլեջում»,-մանրամասնել է փոխտնօրենը՝ ընդգծելով, որ քոլեջի ավարտական որոշ բաժինների ուսանողներն արդեն իսկ աշխատանքային պատվերներ են ստանում:

«Մասնավորապես՝ «Հագուստի մոդելավորում» և «Դիզայն» բաժինների ավարտական կուրսի մեր որոշ ուսանողներ արդեն պատվերներ են ունենում և կարողանում են դրանք իրականացնել»,- ասել է Մ. Ազիզյանը: