Իրանում ԻՀՊԿ հետախուզության սպայի են սպանել

Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի են սպանել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյաներից մեկին։

Սախնե քաղաքի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ուրբաթ երեկոյան մի շարք ցուցարարներ հարձակվել են ուժային կառույցների ներկայացուցիչների վրա: Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության սպան։ Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են հարձակում գործած անձանց։

Երկու ամիս է՝ Իրանում փողոցային բողոքի ցույցերը չեն դադարում։ Երկրի մի շարք շրջաններում տեղի են ունեցել հարձակումներ, որոնց զոհ են դարձել ինչպես ուժայիններ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։

Չորեքշաբթի Խուզեստան նահանգի Իզե քաղաքում շուկայում տեղի ունեցած հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել: