Ամերիկյան լրատվամիջոցներին զարմացրել է Ռուսաստանի հրթիռային զինանոցի ծավալը

«Նյու Յորք Թայմսը» հարց է բարձրացրել, թե ինչպես է Ռուսաստանին հաջողվել նոյեմբերի 15-ին զանգվածային հրթիռային հարձակում իրականացնել Ուկրաինայի վրա, երբ արևմտյան և ուկրաինացի պաշտոնյաները երկար ժամանակ պնդում էին, որ Ռուսաստանի պաշարները «սպառվում են»:

Պարբերականը հիշեցրել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ավելի վաղ հայտարարել էր, թե Ռուսաստանն իբր սպառել է հրթիռների պաշարների 70%-ը, որոնք իր զինված ուժերի տրամադրության տակ էին մինչև հատուկ գործողության մեկնարկը։

Գարնանից Պենտագոնի պաշտոնյաները նաև կարծիք էին հայտնում, թե Մոսկվան չունի ճշգրիտ կառավարվող հրթիռներ, քանի որ այդ կարգի զինատեսակների պաշարները «արագորեն սպառվեցին»:

Այդ դեպքում ինչպե՞ս Ռուսաստանին հաջողվեց իրականացնել այն, ինչ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն անվանեց «պատերազմի սկզբից ի վեր ամենալայնածավալ հրթիռային հարձակումը»,- գրում է ամերիկյան թերթը։

«Նյու Յորք Թայմսի»  մեկնաբանը, հղում անելով Janes բրիտանական ռազմական հրատարակչությանը, եզրակացրել է, որ Ռուսաստանը կարող էր մեծացնել հրթիռների արտադրությունը նույնիսկ մինչև փետրվարի 24-ը: