Մոսկվայում ամանորյա զանգվածային միջոցառումներ և հրավառություն չի լինի

Ավելի քան 300 000 մոսկվացիներ քվեարկել են Մոսկվայում Նոր տարվա ձևաչափի համար, մեծամասնությունը կողմ է եղել զանգվածային միջոցառումներից հրաժարվելուն։ Այս մասին իր բլոգում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Նոր տարվա տոնակատարության ձևաչափի վերաբերյալ «Ակտիվ քաղաքացի»-ում քվեարկությունը մեծ ուշադրության է արժանացել մոսկվացիների կողմից։ Երկուսուկես օրվա ընթացքում իր կարծիքն է հայտնել մոտ 300 000 մարդ։ Քաղաքի բնակիչների դիրքորոշումն արտահայտվել է չափազանց հստակ և համախմբված։ Քվեարկության ողջ ընթացքում մասնակիցների ավելի քան 80 տոկոսն աջակցել է ամանորյա միջոցառումների անցկացմանը և քաղաքի տոնական ձևավորմանը»,- գրել է Սոբյանինը։

Նա պարզաբանել է, որ միաժամանակ 29 տոկոսը կողմ է եղել տոնակատարության սովորական ձևաչափին, իսկ 52 տոկոսն առաջարկել է այս անգամ զերծ մնալ փողոցային զանգվածային համերգներից։ «Շնորհակալություն, բարեկամներ, ակտիվ դիրքորոշման համար։ Ձեր որոշումը կիրականացվի»,- հավելել է քաղաքապետը։

Հրավառություն ևս չի լինի։ «Հրավառություններ և փողոցային մեծ համերգներ այս տարի նպատակահարմար ենք համարում չանցկացնել։ Բայց միևնույն ժամանակ Մոսկվան տոները կդիմավորի պայծառ ու զարդարված, ինչպես վայել է մեր սիրելի քաղաքին»,- գրել է քաղաքապետը։