Իշխանությունը նույնիսկ բռնաճնշումների ընդունակ չէ, քանի որ դրա համար էլ ուղեղ է պետք․ Աշոտյանի փաստաբան

Դատական համակարգում ռեպրեսիվ բուրգ է ստեղծվում։ Այս մասին նոյեմբերի 18-ին քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հեգնանքով հավելելով, որ իշխանությունը նույնիսկ բռնաճնշումների ընդունակ չէ, քանի որ դրա համար էլ ուղեղ է պետք։

Նրա գնահատմամբ՝ իշխող ռեժիմը դատական համակարգում գեներացնում է իր նման մարդկանց։ Այդ ամենը, նրա խոսքով, արվում է հանուն իշխանության պահպանման։

Նա վստահ է, որ բոլոր բարեփոխումները միտված են դատական համակարգը իշխանության կամքին ենթարկելուն։

«Իշխանությունը փորձում է ամեն գնով մնալ, պահպանել հասարակության շրջանում լարվածությունը։ Բազմաթիվ ձերբակալությունների պայմաններում նրանց նկատմամբ դատական դատավճիռներ գրեթե չեն կայացվում, և քչերն են երկար ժամանակ մնում կալանքի տակ: Այսինքն՝ ձերբակալությունը մարդու մոտ վախ առաջացնելու միջոց է։ Իսկ ահա դատապարտված մարդը կարող էր դառնալ պայքարի ինչ-որ խորհրդանիշ, ուստի իշխանությունը միտումնավոր թույլ չի տալիս, որ ինչ-որ մեկին դատապարտեն։ Կարելի է ասել, որ պետությունը վերածվել է աբսուրդի թատրոնի, չկա պետականություն, իսկ երկիրը գոյություն ունի միայն հարևանների կամքով»,-նշեց Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ Աշոտյանի՝ երկրից դուրս գալու արգելքը ծիծաղելի է։ «Դատախազության որոշումը հիմնված է միայն զանգի վրա, նրանց ասել են՝ փակել ելքը, իրենք էլ փակել են։ Ընդ որում, ոչ ոք որևէ բացատրություն չի տալիս»,-եզրափակեց փաստաբանը։