Ադրբեջանական սադրանքները կստեղծե՞ն տարածաշրջանային լուրջ բախումներ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։ 

Ռազմական փորձագետի հետ անդրադարձ է կատարվել վերջին օրերին  Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություններին թե Արցախի, թե Հայաստանի տարածքում, նրա հեռահար նպատակներին և հնարավոր զարգացումներին։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի նման գործողությունները մեզ համար նորություն չեն․ «Այս փուլում, իմ կարծիքով, նրանք նպատակ ունեն լարվածությունը որոշակի առումով, դինամիկ կերպով իրենց համար մեծացնեն, հետագայում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով, իսկ այդ խնդիրները որո՞նք են։ Այդ խնդիրները այն է, որ նրանք իրենց տեղակայված դիրքերում նախ՝ ամրապնդվեն, երկրորդը, հնարավորության դեպքում, կլինի դա Արցախի ուղղությունից, կլինի դա Տավուշի, Ջերմուկի, Սոթք-Ղոզնավար ուղղություններից, փորձեն ավելի առաջ գալ, ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնել, կարճաժամկետ նպատակով փորձեն այս փուլում մեզ էլ ավելի վնաս տալ, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակով նրանք այդ դիրքերից ցանկություն ունեն հետագա լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում մեկնարկային առավելություն ունենալ և փորձեն այդ մեկնարկում որոշակի մաքսիմալ խնդիրներ ձևակերպել և լուծել»։

Ինչ վերաբերում է մեր անելիքներին՝ ինչ ենք մենք անում և ինչպես ենք մենք փորձում այս ամենին դիմակայել, արդյո՞ք մտածում ենք համաչափ և նույնիսկ անհամաչափ պատասխան տալ և փորձել կանխել նույնիսկ մտադրության փուլում այդ ամենը, փորձագետը հիասթափություն հայտնեց, որ մենք այդ հարցում բավական պասիվ ենք, դանդաղում ենք և, ըստ էության, չենք վստահում մեր ռազմական ուժերին, փոխարենը բերում ենք տարբեր արդարացումներ և պատճառաբանություններ։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, որ Ադրբեջանը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայերի Ցեղասպանություն, ոչ մի գործուն քայլեր ու միջոցառումներ չեն արվել կանխելու թշնամական պետության մտադրությունները։

Խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության, ինչպես նաև Իրան-Ադրբեջան լարվածությունից հնարավոր օգուտներ քաղելու Հայաստանի քայլերից՝ Վիտալի Մանգասարյանն ընդգծեց, որ Իրանի հետ աշխատելու այնքան տեղ ունենք՝ սկսած քարոզչական դաշտից։ Պետք է Իրան-Ադրբեջան հակամարտությունը մեր օգտին օգտագործենք ու փորձենք շահավետ դիրքերից հանդես գալ․ «Ինչ է անում Ադրբեջանը՝ առավոտից երեկո իր մեդիա ռեսուրսներով վարկաբեկում է Իրանի քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարությանը, սադրանքներ են իրականացնում, ադրբեջանական դրոշներ են դնում Թավրիզ քաղաքում, ահաբեկչություն տեղի ունեցավ, այսինքն՝ այս ընդհանուր լարված ֆոնի մեջ մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ Իրանում ապրող միջին վիճակագրական բնակչին փորձենք առնվազն հասցնել, որ Ադրբեջանը այսօր մեզ է ուզում ցեղասպանել, վաղը, որ ուժը հերիքեց, ձեզ է ցեղաասպանության տանելու», – կարևորեց փորձագետը՝ հիասթափություն հայտնելով, որ մեր կողմից բոլորովին այլ ինֆորմացիա են հասցնում իրանական հասարակությանը վարչապետի շուրթերով՝ ասելով, որ դե Իրանն ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են, «իրանք չեն կռվելու, մենք շատ մեծ հույսեր ենք փայփայում․․․ իսկ ո՞վ է ասում, որ չեն կռվելու, ուր է այդ երաշխիքը․․․» և, ցավոք, մենք նույնիսկ այս նպաստավոր հակամարտությունից չենք կարողանում օգտվել և մեր ազգային նպատակներին ծառայեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում