Դատավորը համարձակություն ունեցավ և կարողացավ արդարությունը վերականգնել․ Գերասիմ Վարդանյանն ազատության մեջ է

Մեղադրանք չկար էլ, որ մեղադրանք ընդունեի, սա քաղաքական շոու էր, քաղաքական բեմականացում, փորձում են իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար անազատությունից զրկելով՝ մեզ լռեցնել, բայց դե բոլորն էլ գիտեն, որ ես մարդ եմ, ով երդվել է Դաշնակցության զինանշանի վրա և թքած ունեմ իրենց կողմից շնորհված թե՛ անազատության վրա, թե՛ ազատության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։

«Դատական նիստերը միակ հնարավորությունն են եղել, որ ես կարողացել եմ քիչ թե շատ իմ դիրքորոշումը հայտնել։ 2 տարի հասարակությանը համոզել էին, իբր ես կապ եմ ունեցել այդ գործի հետ, հետո էլ հասկացել են, որ հնարավոր չէ ինձ կապել դրա հետ և կարճել են, փակել են, բայց ամոթ չունեն, որ հայտարարեն, որ ես կապ չունեմ դրա հետ։ Ինձնից փորձում էին հանցագործի կերպար կերտել, բայց չստացվեց»,- ասաց նա։

«Դատավորը համարձակություն ունեցավ և կարողացավ արդարությունը վերականգնել»,- հավելեց Վարդանյանը։

Նշենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած ակցիաներին, որտեղ բռնության էին ենթարկվել մի քանի տարեցներ: Նա կալանավորվել է մայիսի 12-ին: