Հայաստանը 100 մլն եվրո և 100 մլն դոլար վարկ կստանա բյուջեի ֆինանսավորման համար. համաձայնագրերը ստորագրվել են

ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 17-ին, «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) և «Հայաստանի Հանրապետության և  Ասիական զարգացման բանկի միջև  վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:

Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են՝

ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը.

մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ և ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման և հարմարեցման նպատակներն իրագործելու համար։