Վրաստանի վարչապետն ընդունել է Ալեն Սիմոնյանին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ շեշտելով, որ երկու ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ, ուստի բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը, շարունակելով ծավալապաշտական քաղաքականությունը, սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը միտված երկկողմ համագործակցության հեռանկարները: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ երեկ ջերմ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փաստել, որ հայ-վրացական հարաբերություններն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբևէ: Նրա խոսքով դա են վկայում բարձրաստիճան փոխայցերի հաճախականությունը և խաղաղության ձգտելու ընդհանուր ջանքերը: