Ո՞ւր է անհետացել Վահան Քերոբյանի խոստացած լաստանավը․ «Հետք»

Հայաստանից Ռուսաստան հասնելու միակ ցամաքային ուղին անցնում է Վրաստանով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով։ Անբարենպաստ եղանակային պայմանները, ստուգումների խստացումները, քաղաքական ու տնտեսական պատճառները պարբերաբար փաստի առաջ են կանգնեցնում հայ արտահանողներին. Լարսի ճանապարհը փակվում է, կուտակումներ են առաջանում, վարորդները ստիպված են լինում բեռնված բեռնատարներով շաբաթներով մնալ ճանապարհներին, ապրանքներն են փչանում և այլն։

«Հետք»–ը գրում է՝ տարիներով ձգվող այս խնդրին Հայաստանի կառավարությունը մեկ այլընտրանք է տեսնում՝ բեռների արտահանում ծովային ճանապարհով՝ լաստանավով։ Բայց առայժմ միայն մտածում է։

Ներքևում նշված ժամանակագրությունում Կառավարության և մասնավորապես Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններից մի քանիսն ենք ընդամենը առանձնացրել.

Կփոխհատուցվեն լաստանավով բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերը։

24 մարտի 2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան. «2022թ․-ի հունիսի 15-ից Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև շաբաթական երկու անգամ կգործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն»։

05 մայիսի 2022
Վահան Քերոբյան. «Ռուսաստանին ուղղված պատժամիջոցները խոչընդոտում են հայկական լաստանավի գործարկմանը»։

23 հունիսի 2022
Վահան Քերոբյան․ «ՀՀ-ն բանակցում է հոլանդական APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն»։

23 հունիսի 2022
Վահան Քերոբյան. «Լաստանավի գործարկման ժամկետ չեմ կարող նշել»։

23 Հունիս 2022
Վահան Քերոբյան. «Լաստանավի գործարկումը օրերի հարց է։ Շուտով կհրապարակվի չվացուցակը»։

11 օգոստոսի 2022
Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են։

2 նոյեմբերի 2022
Ամեն ինչ մոտ էր թվում հանգուցալուծմանը, երբ այս տարվա օգոստոսի 11-ին Քերոբյանը հայտարարեց՝ լաստանավի գործարկումը օրերի հարց է։ Խոստացավ, որ չվացուցակը շուտով կհրապարակվի։

Երեք ամիս անց. «Ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով»

Օգոստոսի 11-ից, երբ Քերոբյանը խոստացել էր չվացուցակ հրապարակել, անցել է գրեթե երեք ամիս, սակայն պարզվում է, որ լաստանավի համար Կառավարության կողմից հատկացված գումարն անգամ չի ծախսվել։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Պատասխանից ենթադրվում է, որ լաստանավ ոչ ձեռք է բերվել, ոչ էլ՝ վարձակալվել:

Հարցման պատասխանում, որով Վահան Քերոբյանից հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է լաստանավի ձեռքբերումը, ինչու չի գործարկվում, նախարարությունից կցկտուր պատասխաններ են տվել։ Եթե հակիրճ ամփոփենք պատասխանը, ապա Էկոնոմիկայի նախարարությունը լաստանավի գործարկման վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություն չունի։

«Լաստանավի գործարկման ժամկետների ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով։ Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները»,- նշել են նախարարությունից։

Գերատեսչությունում չգիտեն՝ երբ կգործարկվի լաստանավը. «ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում բոլոր կողմերի հետ՝ միջոցառումը հնարավորինս սեղմ ժամկետում մեկնարկելու նպատակով»:

Նախարարությունում նաև չգիտեն լաստանավի անունը, դրոշն ու գրանցման հասցեն:

Իսկ հարցին, թե ո՞ր ընկերությունն է շահագործելու լաստանավը, նշել են, որ տեղեկությունը կտրամադրվի առաջիկայում՝ միջոցառման գործարկմանը զուգահեռ:

Մինչդեռ, ավելի վաղ լաստանավի թեման այնքան առարկայական էր դարձել, որ օպերատոր էր ընտրվել Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև լաստանավային բեռնափոխադրումների համար: Խոսքը «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի մասին է:

Ըստ պետական ռեգիստրի՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին: Սեփականատերը մեկ այլ ընկերություն է՝ «Արմ շիփփինգ քամփնի» անունով: Վերջինս փակ բաժնետիրական ընկերություն է, հետևաբար՝ սեփականատերերի մասին տվյալները բացակայում են: Միայն հայտնի է, որ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ի և «Արմ շիփփինգ քամփնի»-ի տնօրենը նույն մարդն է՝ Դավիթ Իլոյանը, որը որևէ այլ ընկերությունում գրանցված չէ:

«Արմ շիփփինգ քամփնի»-ի էլեկտրոնային փոստով ռուսական բազաներում գրանցված այլ ընկերություններ ու անձինք կան: Նրանց թվում է անհատ ձեռնարկատեր Քրիստինա Հենրիկի Մալերյանը: Վերջինս Հայաստանում գրանցված «Ռիբեկ» ընկերության սեփականատերն է:

Այն, որ Քրիստինա Մալերյանը ուղղակի կամ անուղղակի կապ ունի «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերության հետ ապացուցում է այն փաստը, որ նրա գրանցման հասցեն նույնն է, ինչ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերությանը: Երկուն էլ Երևանի Քաջազնունու փողոցի նույն հասցեում են:

Քրիստինա Մալերյանն, ըստ բաց աղբյուրների, գործունեություն է ծավալում հագուստի արտադրության ոլորտում: Նրան պատկանող «Ռիբեկ» ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում:

Սակայն, հատկանշական է այն, որ Քրիստինա Մալերյանը ժամանակին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունում աշխատել է որպես երկաթուղու պետի տեղակալ (Октябрьская железная дорога): Սա կարող է նշանակել, որ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ը կապ ունի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ:

Թե ինչու հարցման պատասխաններում նախարարությունը որևէ կերպ չի հիշատակել «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» անունը, հայտնի չէ:

Մանրամասները՝ «Հետք»–ում։