Արցախը Ադրբեջանին հանձնելու որևէ իրավական հիմք գոյություն չունի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Ադրբեջանական, Հայաստանի իշխանական շրջանակներում շատ է գործածվում «ադրբեջանական» անկլավների վերադարձի թեզը, այս թեմային անդրադառնալով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը շեշտեց․«Դա ցնդաբանություն է, անկլավ որպես այդպիսին գոյություն չունի և երբևէ չի ունեցել, դա ուղղակի ադրբեջանական պահանջ է՝ անտեր մնացած մի երկրից։ Աշխարհում այդպիսի բան գոյություն չունի, որ մի երկրի տարածքում լինի մեկ այլ երկրին պատկանող տարածք, որի հետ նա չունենա ընդհանուր ցամաքային կապ։ Խորհրդային ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններ գոյություն չեն ունեցել, դրանք եղել են վարչական սահմաններ, որոնք տեսանելի են եղել միայն քարտեզների վրա, ինչպես օրինակ հիմա ՀՀ Արարատի մարզի և Վայոց Ձորի մարզի միջև սահմաններ գոյություն չունեն, դրանք վարչական սահմաններ են, որպեսզի իմանան, թե ՏԻՄ մարմինների կամ մարզպետների իրավասության շրջանակը որ տարածքի վրա է ազդում։ Նույնը եղել է ԽՍՀՄ ժամանակ խորհրդային հանրապետությունների միջև վարչական իմաստից բացի, ֆունկցիոնալ իմաստով սահմաններ գոյություն չեն ունեցել։ Այդ սահմանակից շրջաններում մի կողմից հայկական գյուղացիական տնտեսությունները, մյուս կողմից ադրբեջանական այդ տարածքներում արոտներ են օգտագործել և քանի որ հայերը քիչ են զբաղվել անասնապահությամբ, քանզի Հայաստանը արդյունաբերական երկրի հավակնություններ ուներ, իսկ Ադրբեջանի այդ սահմաններում գյուղատնտեությունից բացի ոչինչ գոյություն չուներ, Ադրբեջանի անասնապահները հայտնվել են նաև Հայաստանի տարածքի արոտավայրերում։ Այն պահից, երբ նրանք մնացել են այնտեղ ստացիոնար կերպով, ցանկացել են ենթարկվել իրենց շրջանի գյուղսովետին, քան հայկական շրջանին, քանի որ սովետական ժամանակներում դա ֆունկցիոնալ իմաստ չի ունեցել և  Հայաստանի շրջսովետը կարող էր ինչ-որ առիթով որոշում կայացնել այդ տարածքը հանձնել Ադրբեջանի ինչ-որ շրջանի տնօրինությանը։ Ահա թե անկլավ ասվածը ինչ ձևով է առաջացել»,-ամփոփեց Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում