ՀՀ-ում 2023-ից ներդրվում է համընդհանուր հայտարարագրման համակարգը. հայտարարագիր չներկայացնողները կտուգանվեն 20-300 դրամով
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող նախագծին:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրանով առաջարկվում է 2023 թվականից սկսած, 3 հաջորդ տարիների ընթացքում ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ. «Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ, գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները: Այդ հայտարարագիրը նախնական տեսքով էլեկտրոնային եղանակով պատրաստվելու է հայտարարատուի ծանոթացման համար: Յուրաքանչյուր անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Այդ համակարգում անձը գտնելու է իր համար լրացված նախահայտարարագիրը, ստուգելու է այն, անհրաժեշտության դեպքում կատարելու է փոփոխություններ և հաստատելու է վերջնական տարբերակը: Հայտարարագիրը պետք է հաստատվի մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ ներդրվում է նաև խթանող միջոցներ՝ սոցիալական կրեդիտների միջոցով, որի շրջանակներում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված և հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ. «Փոխհատուցման շրջանակն ու չափերը կսահամանվեն կառավարության որոշմամբ»: