Իշխան Սաղաթելյանը Կիպրոսում հանդիպում է ունեցել թեմի Կաթողիկոսական փոխանորդի հետ
Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 15-ին Ազգային առաջնորդարանում հանդիպել է Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Տեր Խորեն Արք. Տողրամաճյանի հետ։
Ջերմ մթնոլորտում ընթացող հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը զեկուցել է իր` Կիպրոս այցելության առթիվ ունեցած քաղաքական հանդիպումների մասին, ինչպես նաեւ գնահատականներ տվել Հայաստանի և Արցախի քաղաքական վերջին իրադարձությունների մասին։
Սրբազան Հայրը ողջունել է ներկաներին, դրական եւ կարեւոր գնահատելով այցելությունը` ասելով, որ համազգային ջանքերի ամբողջական միավորումով ու համատեղ ուժերով պիտի հաղթահարենք Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները։ Նա իր գնահատականն է տվել նաեւ սփյուռքի դիմագրաված դժվարությունների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչները, երեսփոխանական ժողովի ատենապետը, Ազգային վարչության ատենապետը եւ Հայ դատի հանձնախմբի ատենապետը։