Թուրք-իսրայելական համաձայնագիր՝ ընդդեմ Իրանի

Թուրքական հետախուզական ծառայությունը և Մոսադը (իսրայելական հետախուզություն) վերջերս գաղտնի համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն է առաջին հերթին թույլ տալ Թել Ավիվին հետևել իրանական «որջերին» Թուրքիայում: Այս մասին հայտնում է Intelligence Online կայքը։

Ըստ լրատվականի՝ հոկտեմբերի 27-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի՝ Անկարա կատարած այցի ընթացքում, բացի վերջինիս ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև հանդիպումներից, նույն ժամանակ բոլորի ուշադրությունից հեռու տեղի է ունեցել հանդիպում նաև Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանի և իսրայելական Մոսադի ղեկավար Դավիդ Բարնեայի միջև։ Կողմերը ստորագրել են գաղտնի համաձայնագիր հետախուզական ինֆորմացիայով փոխանակման վերաբերյալ։

Գաղտնի համաձայնագիրը բաղկացած է ութ մասից։ Դրանցից մեկը վերաբերում է Թուրքիայում Իսրայելի ներքին հետախուզության ներկայությանը՝ Թուրքիայում Իսրայելի դեսպանատան և հյուպատոսարանի անվտանգությունը ապահովելու նպատակով, և հակաահաբեկչության ու հակահետախուզության ոլորտում համագործակցության ուժեղացմանը։ Դրանից բխում է, որ Թուրքիայում բնակվող պաղեստինցիները կարող են ենթարկվել ուժեղացված հսկողության MIT-ի կողմից։

Երկկողմ հետախուզական համաձայնագրի մեկ այլ հիմնական ուղղությունը Թուրքիայում իրանական «որջերն» ու ցանցերն են, որոնց «պոչին» կան Մոսադի 1000 «քնած» գործակալներ երկրում: Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Իսրայելի ռազմական հետախուզությունը՝ Ամանը, պետք է համագործակցի թուրքական ռազմական հետախուզության հետ, հատկապես էլեկտրոնային հետախուզության (SIGINT) ոլորտում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը։ Գանցը հոկտեմբերի 3-ին մեկնել էր Բաքու՝ Մոսադի և Ամանի բարձրաստիճան ղեկավարներից կազմված պատվիրակության ուղեկցությամբ: Պատվիրակությունն իր ուղևորությունն ավարտեց Անկարայում զուսպ կանգառով՝ MIT-ի զեկավար Հ․ Ֆիդանի հետ հանդիպելու և անվտանգության այս համաձայնագրի վերջնական նախագծի շուրջ բանակցելու համար։

Իրանում գլուխ բարձրացրած անկարգությունների ֆոնին էլ ավելի է ակտիվացել Իսրայելը՝ փորձելով տարածաշրջանում սեղմել օղակը Իրանի շուրջ՝ հակաիրանական մուսուլմանական կոալիցիայի ձևավորմամբ։ Հատկապես վերջին շրջանում Իրանի՝ Ադրբեջանին ուղղված նախազգուշացնող հայտարարությունները և Ադրբեջանի սահմանին զորավարժությունների անցկացումը գրգռել են թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ստեղծելով բարենպաստ միջավայր Իսրայելի ակտիվացման համար։ Եվ ինչպես կարելի է ենթադրել այս համաձայնագրից, Իսրայելը չի հապաղում օգտագործել հարմար առիթը։ Առհասարակ անհրաժեշտ է արձանագրել, որ տարածաշրջանում Հայաստանի շուրջ իրավիճակը գնալով ավելի լարված ու վտանգավոր է դառնում։ Տարածաշրջանում ռուսական ու իրանական գործոնի թուլացմանը զուգահեռ ստեղծված վակուումը փորձում են լցնել այստեղ իրենց շահերը հետապնդող երրորդ ուժեր, որոնց շահերը հաճախ, եթե ոչ միշտ հակոտնյա են Հայաստանի շահերին։ Ուստի մեր հարափոփոխ տարածաշրջանում մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը բնական և ռազմավարական դաշնակիցների հետ, այլ ոչ թունավորել եղած կապերը՝ սպառնալով պետության անվտագությանը։

 

Աղբյուր՝ hayaliq.com