ՀՀ ՌԱՀ-ը ռազմական արտադրանքի սերիական արտադրություն է սկսել․ Հակոբ Արշակյան

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրը կարողացել է սպառազինության սերիական արտադրություն սկսել, և արդեն կան առաջին պատվերները։ Այս մասին ԱԺ նիստում 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

«Մշակումների մեծ մասը հնարավոր է դարձել փորձարկել իրական պայմաններում, և արդեն իսկ սերիական արտադրության պատվերներ կան մի շարք ընկերությունների շրջանում։ Սրանք այլևս փորձնական պատվերներ չեն, այլ ՊՆ-ի կողմից իջեցված սերիական պատվերներ։ Ներկայում գոյություն ունեցող մշակումների գերակշիռ մեծամասնությունը, իսկ պետական փորձարկումներ անցած գրեթե բոլոր նմուշները ռազմարդյունաբերական կոմիտեն ֆինանսավորել է»,-նշեց փոխխոսնակը։

Այս համատեքստում Արշակյանն ընդգծեց, որ Հայաստանում ստեղծվել է մի շարք արտադրատեսակների, այդ թվում՝ անօդաչուների, ռադիոլոկացիոն համակարգերի, գիշերային և ցերեկային դիտարկման օպտիկական սարքավորումների և մի շարք այլ սպառազինությունների սերիական արտադրություններ։ Դրանք անցել են պետական և ռազմական փորձարկումներ ու այժմ մատակարարվում են։