Կիևը հրթիռային հարվածներից հետո խավարի մեջ է մնացել

Ուկրաինական «Страна.ua» առցանց պարբերականը ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակումներից հետո  գիշերային Կիևից տեսանյութ է հրապարակել։

«Տեսանյութ գիշերային անլույս Կիևից: Տեսանելի են միայն մեքենաների լույսերը: Քաղաքի մնացած մասը մթության մեջ է մնացել նոր հրթիռային հարվածներից հետո», – գրված է տեսանյութին կից:

Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը, Կիևում օդային տագնապի ահազանգի չեղարկումից հետո ճանապարհներին սարսափելի խցանումներ են առաջացել։ Հրապարակված տեսանյութերից մեկում մի տղամարդ ասել է, որ Բորիսպիլի օդանավակայան տանող ճանապարհն ամբողջությամբ կաթվածահար է։

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն զանգվածային հրթիռակոծությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը գնահատել է կրիտիկական։

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայի տարածքում 85 հրթիռային հարված է հասցվել, վնասվել են հիմնականում էներգետիկ ենթակառուցվածքները։