Իշխան Սաղաթելյանը Կիպրոսի ԱԺ նախագահի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական դաշինքի սադրանքները

Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Անիդա Դիմիդրիուի հետ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Կիպրոսի հայ համայնքի Պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն ու ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի և Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում Գերագույն մարմնի ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիպրոսի պետության անվերապահ աջակցությունը կիպրահայ համայնքին։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև խոսել թուրք-աադրբեջանական դաշինքի սադրանքների մասին։

Կարևորվել է Կիպրոս-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորության անհրաժեշտությունը և այս համատեքստում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերյալ։

Իր հերթին Կիպրոսի Ազգային Ժողովի Նախագահը կարևորել է Կիպրոս-Հայաստան հարաբերություների առավել ամրապնդումը՝ հաստատելով, որ Կիպրոսը շարունակելու է իր զօրակցությունն արտահայտել Հայաստանին և Հայ ժողովրդի դատին՝ հենվելով մարդկային արժեքների սկզբունքներին և հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները։ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նոր հանդիպումների առիթներ կլինեն։