Ադրբեջանում սա հասկանում են մեզանից լավ, այդուհանդերձ, ստորագրում են այդ թղթերը

2021 թվականին Ադրբեջանը 2020 թ-ի համեմատությամբ 61%-ով ավելացրել է գազի արտահանումը մինչև 20 մլրդ խորանարդ մետր, որի 1/3-ը բաժին է ընկնում, ի դեպ, ԵՄ-ին: Կարևոր հանգամանք, քանի որ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման աճը հիմնականում հետևանք է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին, 44-օրյա պատերազմի միջնամասում, Տրանսադրիատիկ գազատարի շինարարության ավարտի: Նշեմ, որ գազատարը մինչ այդ արդեն շահագործվում էր տեստային ռեժիմով, իսկ 2021 թվականից սկսվեց գազի մատակարարումը դեպի ԵՄ՝ հասնելով 8 մլրդ խորանարդ մետրի: Ընթացիկ 2022 թվականի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ արդեն գրանցվել է արտահանման ծավալների էական աճ՝ գազի արտահանումը կազմել է 7.2 մլրդ խորանարդ մետր:

Այս տարվա հունվարին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանը և ԵՄ-ն ստորագրեցին Էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որտեղ Հարավային գազային միջանցքի ընդլայնման և առաջիկա մի քանի տարիներին ԵՄ մատակարարվող ադրբեջանական նավթի ծավալները 20 մլրդ խորանարդ մետրի հասցնելու նպատակադրման մասին:

Գազային շուկայի ներկա բարձր գների պարագայում այդ նշանակում է Ադրբեջանի նավթագազային եկամուտների ավելացում: Կարծում եմ, լրացուցիչ փաստարկների կարիք չկա հիմնավորելու համար, որ նավթագազային դոլարները Ադրբեջանը օգտագործել և այսուհետ ևս օգտագործելու է իր հակահայ ռազմատենչ քաղաքականությունը ֆինանսավորելու նպատակով:

Գազի ներկա բարձր գների պայմաններում կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանն իսկապես շահում է գազի արտահանման ծավալների ավելացումից, բայց երկարաժամկետ կտրվածքով իրավիճակը գլխիվայր շրջվում է, քանի որ ադրբեջանական ռազմական մեքենան և հոլանդական հիվանդությունից տառապող տնտեսությունը սնող նավթագազային ոլորտը այդ պարագայում դառնալու է վնասաբեր: Չկասկածեք, Ադրբեջանում սա հասկանում են մեզանից լավ, այդուհանդերձ, ստորագրում են այդ թղթերը: Արտաքին հովանավորների բարեհաճությունը մուրալու փոխարեն գուցե արժե՞ ի վերջո լրջորեն վերլուծել և ազգային շահերի հիմքով ծրագրավորել երկրի արտաքին քաղաքականությունը:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից