Բաքուն արձագանքեց․«Ֆրանսիան խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը»

Ադրբեջանի ԱԳՆ-ը Ֆրանսիայի Սենատին մեղադրել է «սադրանքի» և Բաքվի ու  Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը «խոչընդոտելու» մեջ։ Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Ֆրանսիայի Սենատի կողմից բանաձևի ընդունմանը, որը ենթադրում է պատժամիջոցներ Բաքվի դեմ։

«Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը բացարձակ հեռու է ճշմարտությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դրույթներ և կրում է բացահայտ սադրիչ բնույթ, ծառայում է Ադրբեջանի և  Հայաստանի միջև  հարաբերությունների կարգավորման գործընթացի խաթարմանը»,-ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Այնուհետև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Սենատի կողմից ընդունված և  ոչ մի իրավական ուժ չունեցող բանաձևը հստակ ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի քաղաքական դիրքորոշումը»։ «Բանաձևում նշված մտացածին պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակներին հայտնի չեն պատմական փաստերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպման մասին, ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք հանդիսացող Ղարաբաղյան տարածաշրջանն Ադրբեջանի անբաժանելի մասն է, այդ տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն Ադրբեջանի ներքին գործն է, և  նրանց անվտանգությունը կապահովվի Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան։ Խրախուսելով Հայաստանում ռևանշիստական ուժերին՝ Սենատի այս բանաձևը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և առաջընթացին և հեռու է բանաձևում նշված «կայուն խաղաղության սատարումից»»։

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, երկու երկրների միջև շարունակական խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնության սատարում։

Այն ընդունվել է գրեթե միաձայն՝ քվեարկել է 296 սենատորներից 295-ը։

Հիշեցնենք նաև, որ բանաձևի քննարկումից առաջ Ադրբեջանի առաջին տիկին և համատեղության կարգով նախագահի տեղակալ Մեհրիբան Ալիևան ցուցադրաբար հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի» դեսպանի լիազորություններից՝  միաժամանակ կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլեին մեղադրելով կազմակերպությունում Ֆրանսիայի քաղաքականության իրականացման մեջ: