Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ։

ՀՅԴ ԳՄ Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային հարթակներում Հայաստանի և Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Իշխան Սաղաթելյանը Սպիրոս Ադդասին է ներկայացրել Հայաստանի ու Արցախ դեմ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը, խոսել հայ ժողովրդի իրական ձգտումների ու առաջնահերթությունների մասին։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային ճնշման տակ Ադրբեջանը ստիպված լինի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, ինչպես նաև իր զորքերը դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքից։

Կիպրոսի փոխարտգործնախարարը նախ ողջունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին և ողջ հայ ժողովրդին իր ու նախարար Իոաննիս Կասուլիդեսի անունից՝ նշելով, որ վերջինս երկրում չէ և չի կարողացել անձամբ ներկա գտնվել հանդիպմանը։ Կիպրիացի դիվանագետն իր խոսքում աջակցություն է հայտնել Ի. Սաղաթելյանի բարձրաձայնած խնդիրներին՝ ասելով, որ Կիպրոսը մշտապես եղել ու շարունակելու է մնալ պատմական արդարության պաշտպանության հավատարիմ մարտիկ։