ԵՄ-ը կփորձի մեկուսացնել Ռուսաստանին, հայտարարել է Բորելը

Եվրամիությունը կձգտի մեկուսացնել Ռուսաստանին միջազգային ասպարեզում և կշարունակի պատժամիջոցներ կիրառել երկրի դեմ, հայտարարել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։

«Մենք կշարունակենք մեկուսացնել Ռուսաստանին միջազգային ասպարեզում, կշարունակենք սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսության դեմ: Մենք պատրաստ ենք ուժեղացնել սահմանափակող միջոցները, պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների դեմ, որոնք զենք են մատակարարում և ռազմական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին, Իրանին և Բելառուսին»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է դիվանագետի խոսքերը։

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին արևմտյան շատ երկրներ արդեն իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ներկայացրել։ Ռուսական մի շարք բանկեր անջատվել են SWIFT համակարգից, Visa-ն և Mastercard-ը դադարեցրել են ռուսական բանկային քարտերի սպասարկումն արտասահմանում, իսկ համաշխարհային մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու մասին։