Արցախի ՊԲ-ն ունի առանձնահատկություններ, որոնք օրինակելի են նույնիսկ արևմտյան բանակների համար. Սեյրան Օհանյան

Արցախի Պաշտպանության բանակը ստեղծվել է Արցախի հենքի վրա, Արցախի ամբողջ ներուժն օգտագործելով, այն պարագայում, երբ Արցախի ինքնորոշման համար շարժմանը Ադրբեջանը պատասխանեց լայնամասշտաբ պատերազմական, մարտական գործողություններով, հարձակումներով, սադրանքներով, ներքին զտումներով: Այն ստեղծվել է Արցախում ինքնապաշտպանության համար ստեղծված ջոկատների հենքի վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝  անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Սոչիում «Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է և չունենալ»:

«Արցախի ՊԲ ձևավորումը ունի բավականին լուրջ առանձնահատկություններ, որոնք օրինակելի են նույնիսկ արևմտյան բանակների գործունեության ու զարգացման շրջանակներում: Օրինակ տեղային ստորաբաժանումների ձևավորումը, մարտական գործողությունների ժամանակ բոլոր շրջանների ենթակառույցների ենթակայությունը ռազմական հրամանատարությանը:

Երբ ասում են՝ Արցախում կան հայկական ստորաբաժանումներ, Արցախում կան հայկական զորամասեր, դա Արցախի ՊԲ-ն է, Արցախի բանակն է, այնտեղ չկան Հայաստանի զորքեր: Դրա համար, երբ Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրները դեռ առաջնային են, ՊԲ-ն իր ողջ ներուժով, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ միասին, նաև համագործակցելով Հայաստանի հետ, պետք է գոյություն ունենա և իր առջև դրված խնդիրները կատարի»,-հայտարարեց Օհանյանը: