Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել եմ Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» և Կիպրոսի Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարների հետ․ Սաղաթելյան

Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել եմ Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» և Կիպրոսի Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարների հետ։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» կուսակցության նախագահ Մարինոս Սիզոպուլոսի հետ հանդիպման ընթացքում նախ շնորհակալություն եմ հայտնել պարոն Սիզոպուլոսին՝ երկար տարիների հայամետ գործունեության համար, ապա ներկայացրել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության դրսևորումները ու դրանցից բխող վտանգները թե՛ հայկական և թե՛ բարեկամ երկրների համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղելու ջանքերը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց օր առաջ ազատ արձակման, ինչպես նաև ուժի կիրառման և դրա սպանալիքի միջոցով խնդիրներ լուծելու ադրբեջանական քաղաքականությունից հրաժարվելու ուղղված աշխատանքներում։

Կիպրոսի Դեմոկրատական կուսակցության նախագահ Մարիոս Կարոյանի հետ հանդիպման ընթացքում ևս անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան դիմակայելու հնարավորություններին։

Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել է համազգային ջանքերի ամբողջական միավորումն ու համատեղ ուժերով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը։

Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյանների և քաղաքական դերակատարների հետ հանդիպումները շարունակվում են»,- գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։