ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մասին բանաձևի նախագիծը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր հավանություն է տվել Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմ սահմանելու մասին բանաձևին։

Փաստաթղթի օգտին քվեարկել է 94 պետություն, 14-ը դեմ են քվեարկել, իսկ 73 երկիր ձեռնպահ է մնացել: 11 երկիր ընդհանրապես չի մասնակցել քվեարկության։

Ասամբլեայի հրապարակած աղյուսակում երևում է, որ բանաձևին դեմ են քվեարկել Բելառուսը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Չինաստանը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Եթովպիան, Իրանը, Մալին, Ռուսաստանը, Սիրիան և Զիմբաբվեն:

Ձեռնպահ մնացած երկների շարքում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Սերբիան։

Վրաստանը և Թուրքիան կողմ են քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստը տեղի է ունեցել Կանադայի, Գվատեմալայի, Նիդեռլանդների և Ուկրաինայի նախաձեռնությամբ։

Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից քննարկման ներկայացված բանաձևի՝ այն «առաջարկում է իր անդամներին՝ Ուկրաինայի հետ համագործակցելով, ստեղծել վնասների միջազգային ռեգիստր, որը կծառայի որպես պահանջվող վնասի, կորուստների և վնասվածքների փաստագրված ապացույց, որոնք առաջացել են Ուկրաինայում կամ նրա դեմ Ռուսաստանի Դաշնության միջազգայնորեն անօրինական գործողությունների արդյունքում, ինչպես նաև ռեգիստրը խթանում և համակարգում է տվյալների հավաքագրումը»:

Ռուսաստանը դեմ է արտահայտվել փաստաթղթի ընդունմանը, նշելով, որ բանաձևի նախագիծը «չի դիմանում իրավական քննադատությանը» և «աննշան փորձ է օրինականացնելու այն, ինչ օրինականացված չէ միջազգային իրավունքի տեսանկյունից»։ Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հանդիպման ժամանակ ասել է, որ արևմտյան երկրները ձգտում են օգտագործել Ռուսաստանի Դաշնության սուվերեն միջոցները, որոնք արգելափակել են՝ շարունակելու մատակարարումները և վճարել Կիևին արդեն իսկ տրամադրված զենքի համար, և այս հնարավորությունն անվանել է «բացահայտ թալան»: