ԱՀ ԱԺ-ում քննարկվել է «Զենքի մասին» օրենքի փոփոխությունը. ո՞վ կարող է զենք ստանալ ոստիկանությունից

Նոյեմբերի 14-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, հայտնում են Արցախի ԱԺ-ից։  ,

Նախքան օրակարգային հարցի քննարկումը, հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել․ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին կփոխարինի Դավիթ Գալստյանը:

Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Օրակարգում ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է:

Նախագծով, որը ներկայացրել է ԱՀ ոստիկանապետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը, առաջարկվում է՝ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում «օրենքով»   բառը փոխարինել «օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց իրավունք կվերապահվի  ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ ոչ միայն օրենքով նախատեսված, այլ նաև կառավարության որոշմամբ նախատեսված պարտականությունների կատարման նպատակով:

Պատգամավորների՝ «օրենքով» բառը «օրենսդրությամբ» բառով փոխարինելու մասին առաջարկը ընդունվել է հեղինակի կողմից:

Նախագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը: