Թբիլիսին և Բաքուն ստորագրել են 2023 թ. ռազմական համագործակցության պլանը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է վրացի գործընկերոջ՝ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման վերաբերյալ հարցեր։ Բացի այդ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցերը ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում, ռազմական կրթության և բժշկության բնագավառներում։

Հանդիպման արդյունքների հիման վրա նախարարները ստորագրել են Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ ռազմական համագործակցության 2023թ. պլանը»,- նշվել է հաղորդագրությունում։