Լավրովի հոսպիտալացվելու մասին լուրերը չափազանցված են

ՌԴ ԱԳՆ-ը հերքել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Բալիում հոսպիտալացվելու մասին տեղեկությունները։ Նա Բալի է մեկնել մասնակցելու G20-ի գագաթնաժողովին։

«Մենք այստեղ Սերգեյ Վիկտորովիչի հետ Ինդոնեզիայում կարդում ենք լրահոսը եւ մեր աչքերին չենք հավատում. պարզվում է՝ նա հոսպիտալացվել է։ Սա արդեն, իհարկե, ֆեյքերի բարձրագույն պիլոտաժ է։ Դե հա, սպասեք, համաշխարհային էքսկլյուզիվ է»,- գրել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր «Թելեգրամ» ալիքում։
«Սերգեյ Վիկտորովիչ, կներեք, բայց բոլորը գրում են, որ Դուք հոսպիտալացվել եք»,-ասում է Զախարովան։
«Արդեն տասը տարի մեր նախագահի մասին գրում են, որ նա հիվանդացել է։ Սա նոր բան չէ քաղաքականության մեջ։ Բոլորին ջերմ բարևներ»,-պատասխանում է Լավրովն ու արևմտյան լրագրողներին հորդորում, որ իրենց հաղորդումներում օբյեկտիվ լինեն և չսահմանափակվեն մի կողմի տեսակետը ներկայացնելով։

Ավելի վաղ AP-ը, վկայակոչելով ինդոնեզական պաշտոնյային, տեղեկացրել էր, որ Լավրովը հոսպիտալացվել է «սրտի խնդիրների պատճառով»։