Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի արտգործնախարարին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցություն հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունից զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,– գրել է նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 13–ին Թուրքիայի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 6 զոհի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 81 տուժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը մի կին է իրագործել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։