Փաշինյանի և Էրդողանի խոսույթները լիարժեք համադրելի են. Վարուժան Գեղամյան

««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսին հեղինակներից թուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանն ասաց, որ 2021 թվականին Թուրքիայում անցկացված հարցման համաձայն՝ թուրքերն իրենց երկրի սպառնալիք են համարում Հայաստանը, ապա՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Իրաքը…

Վարուժան Գեղամյանի խոսքով, 2019 թվականի ապրիլից Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Էրդողանի ցուցումով ամբողջապես փոխվում  է:

«2019 թվականի ապրիլի 24-ին մենք ունենում ենք ոչ թե ելույթ, որտեղ քննարկվում է ընդհանուր ցավը, որին հղում է կատարում Ժիրայր Լիպարիտյանը, ոչ թե համատեղ կեցությանը կամ այլ բաների, այլ խոսվում է Հայաստանի ու հայության դեմ ուղղված մեղադրանքների մասին ու փաստացի հայտարարվում է արցախյան գալիք պատերազմում Թուրքիայի մասնակցության հիմնավորման մասին:  Այս ելույթից հետո թուրքագետներս բարձրաձայնեցինք սրա մասին հնարավոր բոլոր ձևաչափերով, թե մամուլում, թե փակ հանդիպումներով, բայց որպես կանոն մենք ստացանք պատասխան, թե մենք էլի ընկել ենք պատմության  գիրկը և դա իրականության հետ կապ չունի»,- ասաց նա:

«Ինչպես Հայաստանում, Թուրքիայում, նաև ողջ աշխարհում հասարակություններն ունեն տրամադրվածություն, որը հիմնված է այն քարոզի  վրա, որ նրանք ամեն օր ստանում են պետական ապարատի կողմից։ Թուրքիայում, Ադրբեջանում այդ քարոզը հակահայկական է, և մենք մեր աշխատանքում դա հստակ թվերով ապացուցում ենք»,- ասաց Վ. Գեղամյանը։

«Մենք տեսնում ենք ոչ միայն Էրդողանի բերանից արտասանված հակահայկական թեզեր, այլ և ըստ էության այդ թեզերի տիրաժավորում հասարակության  լայն շրջանակում: Թուրքիայում չեն աջակցում հայերի հետ խաղաղության  հասնելու օրակարգը: Մեզ ասում են, որ մենք թուրքագետ չենք, այլ թուրքատյաց ենք, փաստորեն մեզնից պահանջում են, որ մենք ոչ միայն դավաճանենք հայրենիքին, այլև գիտությանը, որովհետև գիտությունը  մեզ ապացուցում է, որ ունենք պետություն, որը հակահայկական է թե իր պետական հռետորաբանությամբ, թե իրականացրած քայլերով»,- ասաց նա:

Վարուժան Գեղամյանի խոսքով, Փաշինյանի և Էրդողանի խոսույթները լիարժեք համադրելի են, երկուսն էլ նույն բառն են ասում։