Արտակարգ դեպքից առաջ «Հյուսիսային հոսքի»-ի մոտ նկատվել են տեղորոշման համակարգերն անջատված նավեր

Վերլուծական SpaceKnow ընկերությունը պնդում է, որ խողովակաշարերի վրա ահաբեկչությանը նախորդող օրերին երկու անհայտ նավ է նկատել «Հյուսիսային հոսքի» մոտակայքում, որոնց տեղորոշման հաղորդիչներն անջատված են եղել:  Այս մասին հայտնել է Wired պարբերականը:

Վերլուծաբանները պնդում են, որ իրենց գրանցած նավերը 95-ից 130 մետր երկարություն են ունեցել: Նշվում է, որ դրանք խողովակաշարերի արտահոսքի վայրերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են անցել։

«Մենք նկատեցինք մի քանի մուգ նավեր, զգալի չափերի, որոնք անցնում էին վերոհիշյալ տարածքով։ Նրանց տեղորոշման ազդանշանային համակարգերն անջատված էին, ինչը նշանակում է, որ նրանց տեղաշարժի մասին տեղեկություն չկար, նաև փորձում էին թաքցնել իրենց գտնվելու վայրի մասին տվյալները և ընդհանուր տեղեկություններն աշխարհից»,-ասել է SpaceKnow-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Ջերի Յավորնիցկին:

Ընկերությունը պնդում է, որ վերլուծել է 90 օրվա արբանյակային պատկերները, ինչի արդյունքում արձանագրել է, որ 25 տարբեր նավեր են անցել այդ տարածքով, որոնցից 23-ում տեղորոշման համակարգերն ակտիվացված են եղել: