Ոչ ոքի համար նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանն ընդհուպ մինչև ժամը մեկ կարող է դիրքորոշում փոխել. Տաթև Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում կային մի քանի կետեր Արցախի, ՀՀ-ի ու անվտանգային հարցերի մասին, որոնց վերաբերյալ ինքս բազմիցս բարձրաձայնել ու գրել եմ: Այս մասին գրառում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

«Ասուլիսի սկիզբը լսելիս ուրախ էի արձանագրել, որ դրանք դարձել են բովանդակային քննարկման մաս: Դրանք էին՝

—Ապաշրջափակման մասին խոսելիս բոլորը խոսում են միայն Ադրբեջանի ցանկությունների մասին, ոչ ոք չի քննարկում, եթե տարածաշրջանը բացվում է բոլորի համար, ապա հայկական կողմը ինչպե՞ս է օգտվելու Ադրբեջանի տրամադրած ճանապարհներից: Այդ հարցը երբեք չի քննարկվում (դրա մասին խոսել եմ 168 ժամին տված իմ հարցազրույցում):

—Հարց բարձրացրեց՝ ո՞վ է խաղաղության պայմանագրի երաշխավորը: ՀՀ վարչապետը, պաշտոնյաներ շարունակ խոսում են արագ թուղթ կնքելու ցանկության մասին: Այսօր Նիկոլ Փաշինյանը վերջապես խոսեց այն մասին, որ փաստացի չկա խաղաղության երաշխավոր, եթե կա, թող ազդեն իրադրության վրա: Դրա մասին անգամ առանձին հոդված եմ գրել օրեր առաջ Еvnreport–ում՝ «Ո՞վ է կանխելու հաջորդ պատերազմը Հարավային Կովկասում» վերնագրով:

—Կարևոր էր, որ խոսեց Արցախում տեղակայված խաղաղապահների դերի մասին այն առումով, որ եթե չլինեն երաշխավորողներ ու խաղաղապահներ, ապա արցախահայության գլխին կախված է էթնիկ բնաջնջման վտանգը: Դա Ադրբեջանը չի թաքցնում: Նշեմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան արդեն սկսել է արձագանքել այս դրույթին, հավանաբար կլինեն նաև պաշտոնական արձագանքներ:

–Այն բացառիկ դեպքերից էր, որ խոսվեց Հադրութի հայաթափման մասին՝ որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության օրինակ: Թեև չհասկացա, թե ինչու չխոսվեց Շուշիի մասին: Հավանաբար առանձնակի «վերաբերմունք» ունի Շուշիի վերաբերյալ:

Թվում էր, թե ամեն ինչ լավ է գնում, բայց 1 ժամ 19 րոպե անց կրկին որոշեց խոսել այն մասին, որ միջազգային հանրությունը Լիսաբոնում որոշել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Թեև այդ ժամանակ Հայաստանը վետո է դրել: Բայց միևնույն է Փաշինյանը չի կարող իրեն զսպել և չհնչեցնել Ադրբեջանի համար հաճելի տեքստեր: Այնուհետև սկսեց կրկնել Մադրիդյան սկզբունքների մասին իր սուտ դրույթը, թե Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս: Բայց դե լրագրողը չհարցրեց, թե ինչու՞ այդ դեպքում Ադրբեջանը մերժեց Մադրիդյան սկզբունքները: Այնուհետև Փաշինյանը հիշեց «նախկիններին», իր սիրելի Սերժ Սարգսյանին, անդրադարձավ 2020 թ. ՀՀԿ–ի և ընդդիմության կողմից իրեն ուղղված մեղադրանքներին ու սկսեց պաշտպանվել՝ ստելով ու մանիպուլացնելով՝ իհարկե, ի հաշիվ ՀՀ–ի ու Արցախի պետական շահի:

Ասուլիսի սկիզբը լսելիս ուզում էի ուրախությամբ արձանագրել, որ իմ կամ թեմային տիրապետող որոշ փորձագետների դիտարկումները տեղ են հասել: Բայց ցավոք, դա շատ կարճ տևեց: Շատ կուզեի, որ ասուլիսը ժամից ավել չտևեր, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը խոսքը կլիներ որպես պետության ղեկավարի, ոչ թե կուսակցական գործչի խոսք: Երանի չարտաբերեր տեքստեր, որոնք դառնում են գործիք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին: Նաև հրաշալի կլիներ, եթե զսպեր իր էմոցիաները և ամեն անգամ չհիշեր «նախկիններին»՝ ինքն իրեն արդարացնելու համար: Ոչ ոքի համար նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանն ընդհուպ մինչև ժամը մեկ կարող է դիրքորոշում փոխել: Սեպտեմբերի 14–ի իրադարձությունները դրա վառ վկայությունն են, երբ սկզբում հայտարարեց, որ պատրաստ է թուղթ ստորագրել, հետո ապացուցում էր, որ թուղթ չկա: Փաշինյանը այսօր էլ իր ասուլիսի կեսից սկսեց հակասել ինքն իրեն կամ մոռացավ, որ ինքը ՀՀ վարչապետ է: Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ նա երբեք չի դառնա պետական գործիչ, միշտ կռիվ կտա «նախկինների» հետ կամ դեմ, դրա համար կհնչեցնի բազմաթիվ ստեր՝ իր «ճշմարտություններն» ապացուցելու համար: Սա եղել ու մնում է մեր պետության ամենամեծ խնդիրը՝ բոլոր առումներով:

Ամփոփելով կուզեմ ասել հետևյալը, թերևս ամենակարևորը՝ այս ասուլիսի ժամանակ Փաշինյանի կողմից արձանագրվեց, որ Ադրբեջանը նպատակ ունի իրավիճակը լարման տանել, ինչի մասին մոտ տաս օր է ահազանգում եմ փաստերով, ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններով և գործողություններով: Ուստի դրան պետք է հաջորդի ինտենսիվ աշխատանք միջազգային գործընկերների հետ, բոլոր միջնորդների հետ՝ Մոսկվայից Վաշինգտոն՝ դա կանխելու համար: Պետք է անել ամեն հնարավորը Ադրբեջանին զսպելու համար, կիրառել միջազգային բոլոր գործիքները»: