Երբ աղմկում են բուլդոզերները

Որոշ ժամանակվանից փոխքաղաքապետ դարձած գորշ կարդինալ Տիգրան Ավինյանի «հաղթարշավը» մայրաքաղաքում շարունակվում է․ ինչ ասես չի անում երևանցիների աչքը մտնելու համար, միայն թե նրա նախաձեռնությունները այնքան էլ երևանցիներիս կյանքն ավելի հարմարավետ դարձնելու նպատակ չունեն, մի խոսքով՝ հանուն երևանցիների չեն արվում։ Երեկ էլ նրա ցանկությամբ և ներկայությամբ ապամոնտաժվեցին Օղակաձև զբոսայգու՝ Վերնիսաժի դիմացի կանգառի հարակից հատվածում տեղակայված կրպակները, որոնք ապուստի միջոց էին ապահովում մի քանի ընտանիքների։ Քանի որ իմ ամենօրյա աշխատանքային ճանապարհն է, առավոտյան խորթ էր այդ տարածքի ամայությունը։ Մինչև երեկ այդտեղ գործող կրպակներից մեկում սնունդ էր վաճառվում, մյուսում զինվորական հագուստ, մեկ այլ կրպակ էլ այսպես կոչված բանտային արվեստի խանութ էր։ Իհարկե, եթե ապամոնտաժման նման ծրագրերը համակարգված լինեին՝ անկախ կրպակների տարածքների տերերի քաղաքական հայացքներից ու կշռից, եթե դրանից հետո իսկապես հանրային նշանակության ծրագրեր իրականացվեին այդ տարածքներում, ապա Ավինյանի քայլերը ողջունելի կլինեին։ Բայց եկեք շրջենք քաղաքի այդ հատվածով և վերլուծենք՝ այդ կրպակների ապամոնտաժումն արդյո՞ք խնդիրներից կարևորն էր, թե կան առանջնահերթ և իսկապես հասարակական նշանակություն ունեցող հարցեր, որոնք Ավինյանը պետք է ստանձներ լուծել, եթե իսկապես նրա նպատակներն ազնիվ են, եթե իսկապես այդ երիտասարդը հոգ է տանում երևանաբնակների համար։ Երվանդ Քոչար փողոցում, օրինակ, բացակայում են մայթերը, իսկ այն հատվածներում, որտեղ մայթեր կան, շատ մասերում մեքենաների համար կայանատեղի են դարձել, հետիոտնի համար՝ անանցանելի։ Ստիպված երևանցիներն այդ հատվածներով անցնելիս փողոցով են քայլում՝ ցանկացած պահի մեքենայի տակ ընկնելու վտանգն աչքերի առաջ։ Եվ այդպիսի փողացներ Երևանում քիչ չեն։ Ի դեպ, անցած տարվա աշնանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանի գործուն միջամտությամբ այգու կանաչապատ տարածքը բետոնապատվեց սքեյթ պարկի անվան տակ՝ իբրև թե բարենորոգման, Երևանի բարեկարգման շրջանակներում։ Գիտեք՝ «ավելի բարեկարգ Երևան» գրությամբ պաստառները նորաձև են դարձել քաղաքում իրականացվող կառուցապատման շինհրապարակները պարսպելու համար։ Եվ հետո պարզվում է՝ Երևանը ոչ թե բարեկարգվել է, այլ այլանդակվել։ Ժամանակը ցույց տվեց, որ Հայկ Մարությանին այդքան ոգևորած և հերթական անգամ ուրիշի անվան տակ ինքնագովազդվելու հնարավորություն տված պարկն անիմաստ կառույց էր, քանի որ սքեյթով զբաղվող երիտասարդներն այսօր էլ շարունակում են Վարդան Մամիկոնյանի հրապարակում իրենց հմտություններն ի ցույց դնել՝ սքեյթ պարկի չափազանց անհարմար լինելու պատճառով։ Այնինչ այն ժամանակվա քաղաքապետը պարկի բացման միջոցառմանը ոգեշնչված պատմում էր, որ հիմա այդ հրապարակի սալիկները սքեյթերով վնասող պատանիներն ու երիտասարդները կտեղափոխվեն իրենց համար նախատեսված պարկ։ Տիգրան Ավինյանի «հերոսություններով» առաջինը փորձեց աչքի ընկնել «ժողովրդավարության» բաստիոն իշխանությունների սրտի քաղաքապետը, երբ նոր էր ստանձնել քաղաքային իշխանության կառավարումը։ Հիշում եք, թե ինչ խիզախությամբ նրա հրահանգով հատուկ տեխնիկայով ներխուժելով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտակայքում կառուցված սրճարանների գոտի՝ որոշ սրճարաններ գետնին հավասարվեցին։ Բայց շոուն երկար չտևեց և մինչ օրս Մարությանի խոստացված կանաչապատումն այդ տարածքում չի իրականացվել, իսկ սրճարանները շարունակում են նույն աշխուժությամբ գործել։ Իսկ խոստացվել էր, որ բոլոր սրճարանների «հախից գալու են»։ Ինչպես որ Ավինյանի դեպքում են խոստանում, որ Ավինյանի նախաձեռնած գործընթացը լինելու է շարունակական և հանգստի գոտու տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչապատ տարածքների: Պարոն Ավինյան, ձեր կոլեգայի՝ քաղաքապետ եղած ժամանակ Երևանի կանաչապատ գոտիները ոչ թե ավելացան, այլ նոր թաղամասերի ու շենքերի կառուցապատմամբ՝ ավելի ու ավելի նվազեցին։ Եվ վերջին բնապահանական ահազանգերը Երևանի օդի աղտոտվածության մասին հուշում են, որ շինարարությամբ չափազանց ծանրաբեռնված Երևանում շնչելու մաքուր օդը նոսրանում է։ Մնում է պարզել, թե ովքե՞ր են Ավինյանի զոհերը, և արդյո՞ք կրպակները պատահականության սկզբունով են ապամոնտաժվում, թե դա նույնպես քաղաքական գործիք է՝ ընդդիմադիր հայացքներով մարդկանց վրա ճնշում գործադրելու։ Կամ գուցե այդ տարածքների վրա իշխանամերձ շրջանակների՞ց են աչք դրել։ Կարծում եմ շուտով դա ևս ջրի երես դուրս կգա։

Թագուհի Ասլանյան