ԵՄ-ը Երևանին և Բաքվին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը

ԵՄ-ը կրկին Երևանին և Բաքվին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ։

«Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս ծանր ժառանգությունը՝ երկու կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտության ուղղությամբ ջանքերը՝ հետագա անհարկի մարդկային զոհերն ու վնասները կանխելու համար:

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բազմաթիվ քայլերը։

ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց մշտական մասնակցությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացիկ բանակցություններում:

Թեև այս բանակցությունները, անկասկած, բարդ են և ժամանակ կպահանջեն, չափազանց կարևոր է պահպանել ներքին մղումը, պայմանավորվել առաջընթացի կոնկրետ քայլերի մասին և ապահովել անվտանգ, հուսալի և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:

Դեռևս անկայուն իրադրությունում, երբ վերջին 30 տարիների վերքերը հեռու են ապաքինվելուց, ԵՄ-ն կրկին կողմերին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից, այդ թվում՝ զերծ մնալով միմյանց նկատմամբ սպառնալիքներից և մեղադրանքներից,  ռազմական սադրանքներից ու գործողություններից։

ԵՄ-ն այսուհետ նույնպես ակտիվ կարձագանքի երկու կողմերի ցանկություններին և կաջակցի բոլոր առկա խնդիրների համապարփակ և արդար կարգավորմանն ուղղված նրանց աշխատանքին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի,  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ջանքերի, ինչպես նաև ԵՄ այլ մեխանիզմների շնորհիվ»,- նշված է հայտարարության մեջ։