Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկներին

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում դափնեպսակներով և աղուհացով են դիմավորել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Եվրոպայի 35-րդ առաջնությունում մրցանակային տեղեր նվաճած Արցախի կիոկուշին կարատեի հավաքական թիմի մարզիկներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր, մարզիչ Արմեն Պետրոսյանը նշել է,որ ՀՀ հավաքականի կազմում Արցախի թիմը մասնակցելով նոյեմբերի 4-5-ը տեղի ունեցած առաջնությանը, փայլուն արդյունքներ է ցուցաբերել:

«Մեր՝ 13 մարզիկից 12-ը հայրենիք են վերադարձել մրցանակային տարբեր տեղեր զբաղեցրած: Նրանցից հինգը զբաղեցրել է 1-ին տեղ, հինգը՝ 2-րդ, իսկ երկուսը՝ 3-րդ մրցանակային տեղ:

Նշեմ, որ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը,որն աննախադեպ է: Հատկանշական է, որ հավաքականի 19 մարզիկից 13-ն Արցախից են»,-ասել է Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանի հավաքականը ղեկավարել է ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը, իսկ Արցախինը՝ կիոկուշին կարատեի Եվրոպայի արդեն վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանը:

Մեզ հետ զրույցում Արթուր Առուշանյանը գոհունակություն է հայտնել մարզիկների ցուցաբերած արդյունքներից:

«Դժվարությունները շատ էին մինչ առաջնությանը մեկնելը:

Չնայած դրան, գիտեինք, որ լավ արդյունքները դժվարությամբ են արձանագրվում:

Այս անգամ մարզիկների ձեռքբերումները գնահատում եմ լավ, համոզմունքով, որ կարողանան գերազանցել իրենց արդեն իսկ արձանագրած արդյունքները»,-ասել է Ա. Առուշանյանը:

Եվրոպայի առաջնությանը երկրորդ տեղ գրաված արցախցի մարզուհի Մարինա Ներսիսյանն ասել է,որ նպատակ է դրել ավելի լավ մարզվել, որպեսզի կարողանա դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր նվաճած արցախցի մարզիկներին դիմավորելու էին եկել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, սպորտի ոլորտի պատասխանատուներ, մարզիկներ ու մարզասերներ: