Ադրբեջանը Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ կառուցում է զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ, շինություններ․ Արման Թաթոյան

Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքից զավթած տարածքներում՝ Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ կառուցում է զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ, շինություններ և այլն։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝  ներկայացնելով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation փաստահավաք աշխատանքների արդյունքները։

«Ադրբեջանական զինված ծառայողներն ուղիղ թիրախի տակ են պահում Ջերմուկ քաղաքը, Ջերմուկի ՀԷԿ-ը, արոտավայրերը, խոտհարքները, վարելահողերը, ջրավազաններ: Սա հաստատվում է մեր ամրագրած ապացույցներով։ Նրանք այս պահին տեղակայված են Արջիսարում և այլ վայրերում:

Ես մանրամասնել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողները 2022թ. սեպտեմբերին օկուպացրած ՀՀ տարածքում կառուցում են զինվորական ճանապարհներ. հանքերից, տարբեր տեղերից բերում են քարեր, մանրացնում, լցնում ճանապարհին, հետո ցեմենտի կամ այլ նյութերով միախառնում են, որպեսզի իրենց նոր կառուցվող դիրքեր տանող ճանապարհները հարմարավետ լինեն։ Ակնհայտ է, որ նրանք պատրաստվում են ձմռանը։

Ընդ որում, այդ ճանապարհներն ունեն 10-12 մետր լայնություն։

Այս ամենը վկայում է, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակ չունեն հեռանալու թե´ ՀՀ օկուպացված տարածքներից, թե´ մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից։

Այսքանից հետո միայն միամիտը կարող է կարծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է պատրաստվում։ Ես համոզված եմ, որ այդ խաղաղության փաստաթուղթը եթե կնքվի այս պայմաններում՝ այդ փաստաթուղթը չի գործելու։

Ես նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից։

Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է։

Հ․Գ․ Մեր ունեցած փաստահավաք տվյաներն ավելի շատ են, բայց հասկանալի պատճառներով ամբողջը չի հրապարակվում»,-նշել է Արման Թաթոյանը։