Ադրբեջանական օկուպացիայի տակ են Կապան համայնքի 2 700 հա հողեր. Արման Թաթոյան

Ադրբեջանական օկուպացիայի տակ են Սյունիքի մարզի Կապան համայնքի 2 700 հա հողեր։ Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, հանրապետության նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Թաթոյանը նշել է, որ խոսքը 2 400 հա հատուկ պահպանվող, 170 հա անտառային և 130 հա համայնքային հողերի մասին է։ Բացի նշված 2 700 հեկտարից, ևս 1 140 հա հայտնվել է վտանգավոր գոտում։ Այնտեղ անհնար է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ «Գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը Ներքին Հանդ գյուղում գտնվում է միջդիրքային գոտիներում։ Գյուղի խմելու ջրի ակունքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Այդ պատճառով համայնքի բնակիչներին պարզապես անհասանելի է խմելու կամ ոռոգման ջուրը։ 300 հա հող Գեղանուշ և Գոմարան գյուղերում հայտնվել են միջդիրքային գոտիներում, ինչի հետ կապված՝ տեղի անասնապահները դրանք այլևս չեն օգտագործում»,- ասել է Թաթոյանը։

«Ադրբեջանական կողմի խախտումների  ծանրակշռությամբ ենք մենք ցույց տալիս նրանց ներկայության անթույլատրելիությունը ոչ միայն Հայաստան ներխուժած հատվածներում, նաև այն  հատվածներում, որոնք մեր բնակավայրերի անմիջական հարևանությամբ են»,- ասել է նա։
Ա. Թաթոյանի խոսքով, ադրբեջանական կողմի խախտումները շարունակական են և այս պայմաններում, եթե կնքվի  խաղաղության պայմանագիր,  ապա այն չի գործելու։
«Լինելու է  երկու մասից կազմված՝ մի հատ թղթի վրա, մի հատ էլ դրանից հետո ինչ-որ տեղի կունենա։ Անընդհատ խոսում են խաղաղության մասին, Ադրբեջանն էլ կեղծ  շղարշ է օգտագործում այդ ամեն ինչը, ասում է՝  պետք է խաղաղություն, միջազգային հանրությանն էլ մոլորեցնում է»,- ասել է Արման Թաթոյանը։
Բացի այդ, ըստ նրա, ինչ իրական խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանը դեռ գերության մեջ է պահում հայ զինվորներին։
«Իմ համոզմամբ, մենք ամեն օր գտնվում ենք պատերազմի մեջ, հիմա էլ ենք պատերազմի մեջ։ Ամեն օր կրակոցներ են արձակում։ Մի քանի օր առաջ Ջերմուկից ահազանգ ստացանք, որ էլի կրակոցներ են եղել, մարդիկ լսել են։  Սյունիքում էլ է այդպես։
Ադրբեջանցիները հայերից գողանում են կեդանիներ, մեքենաներ, կրակում մարդկանց ուղղությամբ։  Բա սա պատերազմ չէ՞։ Մենք ամեն օր գտնվում ենք պատերազմի մեջ։ Այլ բան, որ  մի  պահ ակտիվ է, հարձակումներ են լինում, կիրառում են խոշոր տրամաչափի զինատեսակներ, ԱԹՍ-ներ և այլն, բայց հիմա էլ ենք պատերազմի մեջ»,- նշել է նախկին ՄԻՊ-ը։