Քանանին արձագանքել է Իրանի ներքին զարգացումների վերաբերյալ Մեծ Յոթնյակի հայտարարությանը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Իրանի ներքին զարգացումների վերաբերյալ Մեծ Յոթնյակի բանաձևը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և իրականում խթանում է Իրանում անկարգությունների և ահաբեկչական հարձակումների շարունակումը»: Այս մասին գրում է ParsToday-ը:

ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում, Նասեր Քանանի Չաֆին ասել է. «Բանաձևում Իրանին առնչվող հատվածում ներկայացված են կեղծ պնդումներ ու մեղադրանքներ։ Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք այս հակաիրանական հայտարարությունը»:

Նա հավելել է. «Հակառակ ահաբեկչության դեմ պայքարում իրենց միջազգային պարտավորություններին, Մեծ Յոթնյակի անդամներից շատերը խուսափեցին անգամ դատապարտել Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով նահատակվեցին ու վիրավորվեցին մի խումբ իրանցիներ, այդ թվում՝  կանայք ու երեխաներ: Սա վառ ապացույցն է այն իրականության, որ նրանք շարունակում են ահաբեկչությունը բաժանել լավի և վատի, ինչն իր հերթին նրանց կարգախոսների և գործողությունների հակասության ապացույցն է»:

Քանանին նշել է. «Այս հայտարարության մեջ ներառված են նաև Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու և դրանք Ուկրաինայի դեմ կիրառվելու մասին պնդումներ, որոնք լիովին անհիմն են, և Իրանի ԱԳ նախարարն արդեն պատասխանել է այս մեղադրանքներին»։

Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով. «Մեծ Յոթնյակի անդամներն  Իրանին մեղադրում են նաև տարածաշրջանային հարցերում։ Եվ դա այն դեպքում, երբ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևոր խարիսխն է»:

Նա նշել է, որ Իրանը շարունակում է բարիդրացիության քաղաքականությունը և համոզված է, որ այն կարող է նպաստել տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը: