Ալիևը կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ գրավոր պայմանավորվածությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։

Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացույց են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի ու տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար։

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե ու Հայաստանին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածություններն ու պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին ու մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը։

Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ու հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ», – նշեց վարչապետը։

Փաշինյանն Ալիևի ելույթը համարեց տխրահռչակ ու ընդգծեց՝ դրանով Ադրբեջանի ղեկավարը կոպտորեն խախտել է օրեր առաջ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից ու  ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։

«Ի հեճուկս Սոչիի ու Պրահայի հայտարարությունների՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի  նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։