«Մետան» կրճատում է աշխատակիցների 13 տոկոսին

Meta-ն, որ Facebook, Instagram սոցցանցերի ու WhatsApp հավելվածի սեփականատերն է, տեղեկացրել է, որ իր աշխատակիցների 13 տոկոսին պատրաստվում է ազատել աշխատանքից։

Ընդհանուր առմամբ, առանց աշխատանքի  է  մնալու 11 հազար մարդ, ընկերությունն ունի 87 հազար աշխատակից։ Այս մասին գրում է BBC-ն։

«Մետայի» գործադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ  կրճատումները «ամենադժվար փոփոխություններից էին, որ մենք արել ենք «Մետայի» պատմության մեջ»:
Կրճատումների մասին լուրը հետևեց Twitter-ի ու այլ տեխնոլոգիական ընկերությունների լայնածավալ կրճատումներին։

«Ես գիտեմ, որ սա դժվար է բոլորի համար, և ես ցավում եմ հատկապես տուժածների համար», – գրել է նա հայտարարության մեջ:

Ցուկերբերգը մեղադրեց աճի հսկայական երկարաժամկետ ակնկալիքները՝ հիմնված համաճարակի ընթացքում ընկերության եկամուտների աճի վրա:

«Շատերը կանխատեսում էին, որ սա մշտական կլինի, ես նույնպես որոշում կայացրեցի զգալիորեն ավելացնել մեր ներդրումները»,-նշել է նա՝ ընդունելով իր սխալը։