Ամերիկացիներն ավելի քան 10 տարի առաջ խոստովանել են, որ Իրանում իրենց նպատակներին հասնելու համար օգտագործել են սմարթֆոններ և հավելվածներ

Նույնիսկ նրանք, ովքեր հավակնում են գերտերություն լինել, չեն համարձակվում հարձակվել Իրանի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին՝ ընդգծելով, որ թշնամիներին չի հաջողվի հասնել Իսլամական Հանրապետության փլուզման իրենց «չարագուշակ նպատակին», հաղորդում է Press TV-ն։

«40 տարի անց [Իսլամական հեղափոխությունից հետո] ոչ ոք և ոչ մի երկիր, նույնիսկ նրանք, որոնք հավակնում են գերտերության կոչմանը, չեն համարձակվում ներխուժել Իրան և նույնիսկ մտածել այդ մասին»,- ասել է Մուսավին։

Նրա խոսքով՝ թշնամիները ցանկանում են մասնատել Իրանը, անկայունություն առաջացնել, խարխլել տնտեսությունն ու արտադրությունը և խոչընդոտել երկրի գիտատեխնիկական առաջընթացին, սակայն երբեք չեն հասնի իրենց «չար նպատակներին»։ Նա նշել է, որ թշնամիները Իրանում վերջին անկարգությունների ժամանակ հնարավոր ամեն ինչ արել են՝ ծրագրելով և կազմակերպելով դրանք, ինչպես նաև հետախուզական և ֆինանսական ծառայություններ մատուցելով ապստամբներին:

Իրանցի հրամանատարը հիշեցրել է, որ ամերիկացիներն ավելի քան 10 տարի առաջ խոստովանել են, որ Իրանում իրենց նպատակներին հասնելու համար օգտագործել են սմարթֆոններ և հավելվածներ։ «Նրանք իրենք են ասել, որ ինտերնետի միլիոնավոր օգտատերեր իրենց զինվորներն են։ Մենք պետք է զգոն լինենք»,- ասել է նա։

Մուսավին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը պետք է գիտակցի երկրի ձեռքբերումներն ու անկախության ուղին՝ նշելով, որ թշնամիները վախենում են Իրանի ուժից և հնարավորություններից։